Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան II-ի գահակալությունը

Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:

Ծոփքի միացումը Մեծ Հայքին

Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես I-ը հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն միացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:

Կապադովկիայի ռազմակալումը

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորը Միհրդատ VI Եվպատորն էր: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում մի ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք. ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ 1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:

Տիգրան II Մեծի նվաճումները

Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի  ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կամենում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն: Շարժվելով հարավարևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն Ք. ա. 71թ.: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:

Оставьте комментарий