Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում , ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի համար:Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին : Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Оставьте комментарий