Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

ա/ ՀՀ հռչակումը
Հայաստանի Հանրապետութիւն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային:

բ/ Բաթումի պայմանագիրը
Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:

Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:

գ/ Իշխանության մարմինների ձևավորումը
Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Հարկ է նշել, որ հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Այն բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։

Оставьте комментарий