Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։ 

Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։ 

Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։ 

Оставьте комментарий